«Ի գործ»

          Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~
Մանե Գալոյան

Բիզնես գործունեություն՝ ապրանքների վաճառք, խմորեղենի պատրաստում՝ ամբողջական կամ հատով

Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի

Հղում՝ «Քաղցրիկ»

Հեռ.՝ 099959502

Մանե Գալոյանը տարիներ առաջ սկսել է բիզնես գործունեությամբ զբաղվել: Շուրջ երեք տարի համագործակցում է կոսմետիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների հետ՝ իր բնակավայրում իրացնելով դրանք: Զբաղվում է նաև անկողնային պարագաների, հագուստի, սպասքի, խմորեղնի վաճառքով:

«Բացի վաճառքը, եղել են դեպքեր, երբ ամուսնուս հետ տարատեսակ ապրանքներ ենք տարել տարբեր բնակավայրեր, որոշ դեպքերում՝ ապրանքափոխանակություն իրականացրել»,- բիզնես փորձառության մասին պատմում է նա ու ասում՝ այժմ ֆիզիկապես չի կարողանում ակտիվ աշխատանքով զբաղվել, քանի որ երկվորյակի լույս աշխարհ գալուն է սպասում:
«Ի գործ» ծրագրի շրջանակում Մանեն մասնակցել է ինչպես բիզնես կարողությունների զարգացման դասընթացների՝ ձեռք բերելով մարքեթինգին, օնլայն վաճառքին վերաբերող գիտելիքներ, այնպես էլ ձեռագործ աշխատանքների պատրաստման վարպետության դասերի:
Ծրագրի իրականացման արդյունքում նա սկսել է օգտվել սոցիալական մեդիայի ընձեռած հնարավորություններից և իր գործունեությունը սկսել է ներկայացնել նաև այդ տիրույթում: Ասում է՝ մինչ այս չի օգտվել օնլայն ռեսուրսներից, դրա փոխարեն իր աշխատանքը կազմակերպել է ծանոթների, ընկերների շրջանում: Բայց կարծում է՝ բիզնեսի կազմակերպման օնլայն եղանակը ավելի օգտակար կլինի իրեն և ծրագրի շրջանակում ձեռք բերած հմտություններն ապագայում միմիայն կօգնեն ընդլայնել աշխատանքային գործունեության սահմանները:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website