«Ի գործ»

             Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Ռուզաննա Մոսինյան

Բիզնես գործունեություն՝ ձեռագործ զարդերի, հուշանվերների պատրաստում

Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի

Հղում՝ «R&M» handmade

էլ.հասցե՝ rm.handmade.2021@gmail.com
Հեռ.՝ 099 885835, 098712966
Շինանյութից՝ զարդեր
Քարեր, գիպս, ցեմենտ, ավազ, գուաշներ, յուղաներկեր, ակրիլ ներկեր, լաք ու ոչ միայն…սրանք այն բաղադրիչներ են, որոնք Ռուզաննա Մոսինյանի ձեռքերում վերածվում են զարդերի ու հուշանվերների:
«Տարբեր ու բազմաբևեռ նախասիրություններ ունեմ: Շատ շուտ ձանձրանում եմ միօրինակությունից և դա դրսևորվում է նաև իմ ստեղծած զարդերի մեջ, որովհետև դրանցում ոչ մեկը չի կրկնում նախորդին: Իմ ստեղծած զարդերը չունեն տարիքային, թեմատիկ կամ սեռային սահմանափակում: Եվ չեմ վախենա ասել՝ դրանցից յուրաքանչյուրը իր տեսակով եզակի է»:
Փոքր տարիքից Ռուզաննան տարաբնույթ իրերիի հետ է աշխատել՝ դրանցից ստանալով ձեռակերտ աշխատանքներ: Այժմ տարված է շինանյութից ձեռագործ զարդեր պատրաստելով: «Երբ շինանյութը դեռ թաց վիճակում է, կարող եմ օգտագործել քար, ծովային խխունջ, հնարավոր է անգամ քարի վրա նկարեմ ու լաքապատեմ՝ ստանալով յուրօրինակ կախազարդ»:
Ասում է՝ նախկինում ստեղծած ձեռագործ աշխատանքներն առավելապես նվիրել է, իսկ «Ի գործ» ծրագրին դիմել է այն մտադրությամբ, որ զարգացնի իր բիզնես հմտությունները, ստեղծի սեփական բրենդն ու վաճառք իրականացնի: «Ցանկանում եմ՝ իմ կողմից ստեղծված զարդերը կարողանան ձեռք բերել ոչ միայն ընկերներս, այլև դրանց մասին իմանան ավելի շատ մարդիկ»:

Արդյունքում՝ ծրագրի կազմակերպիչներն օգնել են Ռուզաննային՝ բիզնես ոլորտում առաջին քայլերն անել: Նրա կողմից ստեղծված «R&M» handmade ապրանքանիշն արդեն մեկնարկել է իր գործունեությունն ու հասանելի է ֆեյսբուքյան տիրույթում:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website