«Ի գործ»

              Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~
Աստղիկ
Խաչատրյան

Գործունեություն՝ կար ու ձև

Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի

էլ.հասցե՝ xachatryan66astghik@mail.ru

Հեռ.՝ 091291295

«Իմ մայրը դերձակ է եղել և կարի հետ իմ շփումը մանկուց է սկսվել: Եթե ինչ-որ փոքր դետալների մշակման կարիք էր լինում՝ իրեն օգնելու նպատակով անում էի»,- ասում է կար ու ձևի ուղին ընտրած Աստղիկ Խաչատրյանը:
Պատմում է՝ երիտասարդ տարիքում ցանկացել է Լ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում սովորել: Դա ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, ինքն էլ հետևել է մայրիկի օրինակին՝ կրթություն ստացել ու աշխատել կարի բնագավառում:
2008 թվականից դասավանդում է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում՝ նախ որպես դերձակ-մոդելավորողների մասնագիտական առարկաների մանկավարժ, հիմա նաև՝ վարպետ:
«Ի գործ» ծրագրի շրջանակում տիկին Աստղիկը կար ու ձևի վարպետության դասընթաց է անցկացրել նաև ծրագրի մասնակիցների շրջանում՝ ցույց տալով էկո պայուսակների պատրաստման արտադրական փուլերը:
Ըստ նրա՝ էկո պայուսակների գործածությունը ոչ միայն բնապահպանական տեսանկյունից է նախընտրելի, այլ նաև հարմար է բազմակի օգտագործման համար: Մյուս առավելությունն այն է, որ դրանք հնարավոր է պատրաստել ձեռքի տակ եղած կտորներից, անգամ՝ չօգտագործվող հագուստից, անձրևանոցից:

Հիշեցնում է՝ բնության մեջ պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար հարկավոր է առնվազն երկու հարյուր տարի, ուստի բոլոր քաղաքակիրթ երկրները անցել են էկո պայուսակների արտադրությանը:
Կարի արտադրության ինժեներ-տեխնոլոգ տիկին Աստղիկն անկեղծանում է՝ միշտ մտածել է կար ու ձևի առանձին սրահ ունենալու մասին, որտեղ հնարավորություն կունենա և՛ կար ու ձև դասավանդելու, և՛ պատվերներ ընդունելու, բայց դրա համար տարածք ու սարքավորումներ են հարկավոր, ինչի հնարավորությունը դեռևս չկա:

Ու թեև կար ու ձևը երբեք չի դիտարկել որպես բիզնես և դրանով զբաղվել է մտերիմներին օգնելու համար, բայց չի բացառում, որ ռեսուրսներ ու բավականաչափ ժամանակ ունենալու պարագայում իր ունեցած հմտությունները հնարավոր է վերածի նաև բիզնեսի:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website