«Ի գործ»

           Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Ֆաթիմա Ասլանյան


Բիզնես գործունեություն՝ կար ու ձև
Անվանում՝ «Հմուտ ձեռքեր»
Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի
Հեռ.՝ 098903860
         Ալավերդի քաղաքում բնակվող Ֆաթիմա Ասլանյանը տնային տնտեսուհի է, ով մանկուց սիրել է կարուձևն ու զբաղվել դրանով:
Անկողնային պարագաներ, վարագույրներ, մազակալներ ու այլ իրեր է պատրաստում՝ ընկերներին, բարեկամներին ու ծանոթներին օգնելու կամ նվիրելու համար: Ասում է՝ պարի խմբակ հաճախող դստեր համար հաճախ ինքն է բեմական հագուստներ կարում, որոշ դեպքերում դա անում է նաև դստեր խմբակիցների համար:

Ֆաթիման խոստովանում է՝ թեև իրեն պարբերաբար դիմում են ինչ-որ բան կարելու համար, բայց երբևէ չի մտածել կար ու ձևի իր հմտությունները բիզնեսի վերածելու մասին: Նախ, որովհետև դժվարացել է մարքեթինգի իրականացման հարցում, և հետո՝ չունի իր սեփական կարի մեքենան:
Ասում է՝ «Ի գործ» ծրագրի շրջանակում բիզնես կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելուց հետո ոլորտի վերաբերյալ բավականաչափ գիտելիքներ է ձեռք բերել ու արդեն գիտի՝ ինչպես կարող է իր արտադրանքը հասցնել սպառողին: Իսկ եթե կարողանա կարի մեքենա ձեռք բերել՝ արդեն կկարողանա աշխատել նաև ըստ պատվերի:
Հաշվի առնելով Ֆաթիմա Ասլանյանի աշխատանքային տրամադրվածությունն ու կարիքները՝ ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ, նրան կարի մեքենա է տրամադրվել՝ բիզնես գործունեությամբ զբաղվելու համար:


Երկու երեխաների մայրը հավատացած է՝ կարի մեքենայի շնորհիվ լիարժեք կկարողանա ոչ միայն սիրելի գործով զբաղվել, այլև ընտանիքի համար հավելյալ եկամուտ ապահովել:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website