«Ի գործ»

       Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Զարուհի Խանվելյան

.Զարուհի Խանվելյանը ուսանողական տարիներից սկսած, որպես գերմաներենի թարգմանիչ, գիդ, տարբեր տուրիստական խմբերի հետ է աշխատել: Օձունում բնակություն հաստատելուց հետո ամուսնու հետ որոշել են հյուրատնային բիզնեսով զբաղվել:

Նախ սկսել են տուրիստական փոքր խմբեր ընդունել ու հասկացել՝ ստացվում է: Ապա որոշել են ընդլայնել իրենց հյուրատնային բիզնեսը, սակայն երեխաների ծնունդը որոշ չափով հետաձգել է այդ մտադրությունը:

Այժմ նոր եռանդով զբաղվում են հյուրատնային բիզնեսի ընդլայնմամբ:

Բիզնես գործունեություն՝ հյուրատնային բիզնես

Վայր՝ Լոռու մարզ, գ. Օձուն

Հղում՝ «Ասի» հյուրատուն

Էլ. հասցե՝ zaruhi.khanvelyan@mail.ru

Հեռ.՝ 091432135

«Ասի» հյուրատունը արդեն վեց տարվա աշխատանքային գործունեություն ունի: Ամեն ինչ սկսել ենք զրոյից, մեր տան սպասքով, սպիտակեղենով, հետո կարողացանք առանձնատունը հարմարեցնել հյուրերին:

Անցյալ տարվանից նաև շինարարություն ենք սկսել: Մեր առանձնատանը կից հավելյալ շինություն ենք կառուցում, որպեսզի հյուրատունը առանձնանա տնից: Այժմ քոթեջանման առանձին սենյակներ ենք սարքում՝ իրենց սանհանգույցներով: Նախատեսում ենք հյուրատունը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց, նաև երեխաների համար խաղահրապարակ ու լողավազան կառուցել»,- ներկայացնում է Զարուհին:
Զարուհին, որ նաև գերմաներեն է դասավանդում Օձունի թիվ 2 դպրոցում, ասում է՝ զբոսաշրջիկներին Օձունում հիմնականում պատմաճարտարապետական հուշարձաններն են գրավում:

Օձունի Սբ. Աստվածամայր եկեղեցին.

V-VII դդ.

Մարդկանց հետաքրքիր են նաև տեղի ավանդազրույցները՝ Արդվիի Սուրբ Հովհաննես վանքի, Հովհան Օձնեցու մասին:

Համաձայն լեգենդի՝ մի օր, երբ Օձնեցին սուրբ պատարագ էր մատուցում, երկու վիշապ լեռան լանջով գյուղին են մոտենում։ Նա խաչով խաչակնքում է վիշապներին, և վիշապները կապվում են մինչև պատարագի ավարտը։ Դուրս գալով պատարագից՝ երանելի Հովհանը գավազանով խփում է վիշապների գլուխներին, և նույն պահին վիշապները քարանում են։ Այդ վայրն անվանվում է «Օձի պորտ»: Եվ հատկանշական է, որ դրանից բխող ջուրը բուժիչ հատկություն ունի:
«Վերջերս Արևածագի ձորը շատ հանրայնացվեց, գովազդվեց, մինչդեռ մենք մեր հյուրերի համար վաղուց ենք բացահայտել այն, լողացել գետում»-, ժպտալով պատմում է Զարուհին:
«Ասի» հյուրատունն իր այցելուների համար ձկնորսություն, քայլարշավներ, տուրեր կազմակերպելու հնարավորություն ունի, իսկ ագրոտուրիզմի սիրահարների համար այլ տարբերակներ են քննարկվում: «Հյուրեր ենք ունեցել, որ ցանկացել են տեսնել, թե ինչպես է արվում խոտհունձը, կաթի վերամշակումը, պահածոյացումը: Քանի որ գիտեմ՝ այստեղ ով ինչով է զբաղվում, ու որտեղ կարող եմ զբոսաշրջիկին այդ երևույթը ցույց տալ՝ կարողանում ենք նաև մարդկանց այդօրինակ հետաքրքրությունները բավարարել»,-մանրամասնում է Զարուհին:
«Այստեղ ճահճացող մի արգելոց կա, որտեղ տրիտոնն (փոքր վիշապանման երկկենցաղ) է բազմանում: Դրա տեղը առավելապես տեղաբնակները գիտեն, բայց այն, որպես յուրահատուկ վայր, գրավում է այցելուներին, որովհետև այդպիսի բան ուրիշ տեղ չեն կարող տեսնել:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website