«Ի գործ»

       Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Դիանա Պարանյան

Բիզնես գործունեություն՝ հյուրատնային ընտանեկան բիզնես

Վայր՝ Լոռու մարզ, գ. Հաղպատ

Հղում՝ «Կանաչ գոտի» հյուրատուն-քեմփինգ

էլ.հասցե՝ diana.paranyan@gmail.com

Հեռ.՝ 098 958575

Պապական տունը՝ հյուրատուն
Դիանան ու ընտանիքի անդամները Հաղպատ գյուղում գտնվող իրենց պապական տունը նախորդ տարի վերածել են հյուրատան: Դրա ցանկությունը երկար ժամանակ են ունեցել, իսկ վրանային հանգիստ կազմակերպելու գաղափարն առաջարկել է Դիանայի հայրը, ինչից հետո Դիանան ու քույրը զբաղվել են վրանների ձեռք բերմամբ: Արդեն 7-8 վրան ունեն:
«Հյուրեր ընդունելու համար անցյալ տարվա օգոստոսից սկսել ենք իրականացնել տան վերանորոգման ու շինարարական աշխատանքներ: Այս պահի դրությամբ հյուրատունը կարող է ընդունել առավելագույնը յոթ անձի: Այն ունի երեք սենյակ, յուրաքանչյուրը՝ երեքական մահճակալով, սակայն առայժմ երկու սենյակն ենք տրամադրում»- ներկայացնում է Դիանան:


Հյուրատան տարածքում քայլուղիներ կան, ինչը հնարավորություն է տալիս քայլարշավներ կազմակերպել:

Այցելուները կարող են խարույկ վառել, պատրաստել իրենց նախընտրած կերակրատեսակները, ավանդական փռում հաց թխել, ինչպես նաև ժամանցը կազմակերպել տաղավարում:
«Կանաչ գոտի» հյուրատուն-քեմփինգի գլխավոր առանձնահատկությունը տեղանքն է. այն գտնվում է անտառին շատ մոտ: Հյուրատնից երևում են Ջաղացաձոր և Դեբեդ գետերի գեղատեսիլ կիրճերը։

Զբոսաշրջիկները կարող են այցելել Հաղպատավանք

Վանքից քիչ վերև գտնվում է «Կուսանաց անապատը»՝ Տիրամոր եկեղեցին

Հյուրատնից 4 կմ հեռավորության վրա է գտնվում նաև «Զարնի-Պարնի» քարայր-ամրոցային համալիրը, որը Հաղպատում ժամանցի նոր գոտի է դարձել:
«Հայաստանցիներին հիմնականում հետաքրքում է հյուրատունը, քանի որ իրենք գալիս են գիշերելու, իսկ օտարերկրացիներին առավելապես հետաքրքրում է քեմփինգը (վրանային հանգիստ), տուրերը, ձիարշավները, որոնք կազմակերպում ենք տեղացիների հետ համագործակցելով»:
Դիանան ասում է՝ կորոնավիրուսի, սահմանների փակման, ապա կրկնակի ճգնաժամի պատճառով քիչ թվով մարդկանց ու խմբեր են կարողացել ընդունել: Համավարակի տարածմամբ ու դրա չթուլացող տեմպով պայմանավորված՝ այս ընթացքում հավանաբար ակտիվ չեն աշխատի, կսպասեն իրավիճակի կայունացմանն ու նորից կհյուրընկալեն բնության սիրահարներին:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website