«Ի գործ»

                  Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Մարիամ Ասրյան
Բիզնես գործունեություն՝ ձեռագործ աշխատանքների պատրաստում/ասեղնագործություն, ուլունքագործություն, հելունագործություն, շյուղագործություն

Վայր՝ Լոռու մարզ, գ.Օձուն

Հղում՝ «Ճախարակ» ձեռագործ աշխատանքների խումբ

էլ.հասցե՝ mariam-20@mail.ru

Հեռ.՝ 099689229

Օձունի համայնքապետարանի առաջատար մասնագետ, իրավաբան Մարիամ Ասրյանը շուրջ երկու տարի է՝ Օձունում ձեռագործության խմբակ է բացել: Սիրում է ձեռագործությունն ու խումբ ստեղծելը արել է սիրողական հիմունքներով, ուստի այն սիրով համատեղում է պետական աշխատանքի հետ:
«Ես ուղղակի գործել շատ եմ սիրում, հիմնականում՝ հելունագործություն և ուլունքագործություն: Նախ փորձել եմ հելունագործությամբ զբաղվել: Իմ աշխատանքներից նաև փոքրիկ վաճառք եմ իրականացրել, բայց զգացի, որ բիզնեսն այդքան էլ լավ չի ստացվում ինձ մոտ ու փորձեցի երեխաների խումբ հավաքել՝ ձեռագործություն սովորեցնելու նպատակով: Այժմ 9-13 տարեկան շուրջ տասը երեխա է հաճախում խմբակ»:
Սաների հետ աշխատանքը սկսել է ասեղնագործությունից, ապա խաչկար, ուլունքագործություն ու հելունագործություն են սովորել:

«Չնայած խումբը ստեղծվել է երկու տարի առաջ, բայց մոտ 1 տարի ենք բնականոն աշխատել, որովհետև խմբի ստեղծումից որոշ ժամանակ անց սկիզբ առավ համավարակն ու երեխաները հարկադրված գալիս էին ամիսը մեկ անգամ կամ օնլայն տարբերակով էինք աշխատում, իսկ կրկնակի ճգնաժամից հետո ընդհանրապես չենք աշխատել: Հիմա արդեն նորից վերածնվում ենք»,- մանրամասնում է Մարիամը:
Ուրախությամբ հայտնում է, որ անկախ հանգամանքներից «Ճախարակ» խումբն Օձունում իր տեսակով առաջինն է, որ տևական ժամանակ գործել է ու նույնիսկ փոքրիկ ցուցահանդես ունեցել:
Խոսելով «Ի գործ» ծրագրի շրջանակում ձեռք բերած փորձառությունների մասին, նկատում է՝ եթե նախկինում դժվարանում էր մարքեթինգի, գովազդի իրականացման հարցում, ապա այժմ դրանց իրականացման վերաբերյալ օգտակար գիտելիքներ է ձեռք բերել, ինչը շատ կարևոր է համարում ապրանքատեսակը ճիշտ ներկայացնելու հարցում:


Այժմ Մարիամի գլխավոր նպատակն այն է, որ խումբն ավելի լավ աշխատի, ընդլայնվի ու գուցե կարողանան փոքրիկ ցուցադրություններ կազմակերպել: Կարծում է՝ այդպես հնարավորություն կունենան վաճառել իրենց ձեռքի աշխատանքներն ու ստացված եկամուտը նորից ներդնեն խմբի զարգացման մեջ, հատկապես որ «Ճախարակ» խումբը, ծրագրի շրջանակում, ձեռք է բերել տարատեսակ թելեր ու ձեռքի աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ:

~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website