«Ի գործ»

Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Էլմիրա Մոսինյան

Բիզնես գործունեություն՝ հրուշակագործություն

Անվանում՝ «Էլկա» թխվածքներ

Վայր՝ Լոռու մարզ, գ.Ծաթեր

Հղում՝ «Էլկա» թխվածքներ

էլ.հասցե՝ mosinyanelmira@gmil.com

Հեռ.՝ 098040519

«Փորձեցի ու ստացվեց»
Էլմիրա Մոսինյանը վաղ հասակից մինչ օրս հրուշակագործությամբ է զբաղվում: 19 տարեկանից տորթերի ձևավորում է սովորել, ապա սկսել է զբաղվել տորթերի պատրաստմամբ ու պատվերներ վերցնելով: Գործունեությունը սկսել է Մղաթ, շարունակել՝ Ծաթեր գյուղում՝ կարճ ժամանակահատվածում հասնելով հաջողության ու ճանաչելիության:
Տարիներ անց ցանկություն է առաջացել զբաղվելու նաև ֆուրշետով ու կարվինգով (մրգի, բանջարեղենի փորագրում, ձևավորում): Դրանցով զբաղվել է սիրողական մակարդակում, բայց քանի որ ձևավորման այդ ուղղությունները նախկինում շատ տարածված էին ու տեղում դրանցով զբաղվողներ շատ քիչ կային, ուստի հետաքրքրությունները համադրել է ժամանակի պահանջին: «Փորձեցի ու հասկացա՝ ստացվում է, ու մինչ այժմ սիրով շարունակում եմ»,-պատմում է նա:

«Անկեղծ ասած հրուշակագործության ոլորտում ինձ ավելի շատ եկամուտը գրավեց, քանի որ բավականաչափ եկամտաբեր էր: Բայց հետզհետե սկսեցի շատ սիրել այն: Մի քանի անգամ վերապատրաստվեցի Երևանում ու այն դարձավ իմ կյանքի անբաժանելի մասը»:



«Ծրագիրը ճիշտ ժամանակին հայտնվեց, որովհետև ինքս ինձ կարծես սպառված էի համարում»

«Ի գործ» ծրագրի շրջանակներում Էլմիրան հրուշակագործության վարպետության երկօրյա դասընթացի է մասնակցել, որի ընթացքում ձեռք է բերել մինչ այդ իրեն անծանոթ՝ Royal Icing-ի պատրաստման հմտություններ:

Վարպետության դասընթացից օրեր անց «Տարտիստ» ապրանքանիշի հիմնադիր Հադիլ Լայուսը, «օմբրե» տեխնիկայով տորթերի ձևավորման նոր հմտություններ սովորեցնելու նպատակով, նրան հյուրընկալել է Երևան քաղաքում գտնվող իր արտադրամասում:
«Ինձ թվում էր, որ այս ոլորտի վերաբերյալ շատ գիտելիք ունեմ, բայց Հադիլի հետ աշխատելով հասկացա՝ անընդհատ սովորելու նոր բան կա: Սա ինձ համար նոր փորձառություն էր և, որպես ձեռքի աշխատանք, շատ գրավեց»:
Ասում է՝ նախկինում չէր պատկերացնում, որ կարելի է այս տեսակ տորթեր պատրաստել, բայց պատարաստվում է օգտագործել պատկերազարդման այս տեխնիկան իր հետագա աշխատանքներում, քանի որ Ալավերդում նմանատիպ տորթեր չկան:
Էլմիրայի խոսքով՝ սեփական արտադրանքի մասին հաճախորդին տեղեկացնելու, ավելի հասանելի դարձնելու մշտական խնդիր է լինում: Ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցավ ուսումնասիրել գովազդի մատուցման ձևերը՝ հեշտացնելով իր հետագա աշխատանքը, ինչպես նաև ձեռք բերեց հրուշակագործության գործիքներ:
Էլմիրան նախկինում հրուշակագործության աշակերտական խմբեր է ունեցել, դասընթացներ անցկացրել: Այժմ ցանկանում է նորից խմբեր ձևավորել, բայց տարածքի խնդիր ունի:
Ու չնայած հանգամանքներին հավատացած է՝ ամեն բան ժամանակի հարց է ու իրեն կհաջողվի իրականություն դարձնել այս մտադրությունը:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website