«Ի գործ»


        Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Սալոմե Խարազյան

Բիզնես գործունեություն՝ հրուշակագործություն

Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի

Հղում՝ «Դյութե» (նախկինում կոչվել է «Դոլչե» )

Հեռ.՝ 095939556, 091 939556

Հրուշակագործությունը՝ հոբբի
           Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Սալոմե Խարազյանը շուրջ մեկ տարի առաջ սկսել է զբաղվել հրուշակագործությամբ: Սկզբում դրան վերաբերվում էր որպես հոբբի, իսկ հետագայում այն վերածվեց փոքրիկ բիզնեսի:
«21 տարվա մանկավարժ եմ և հիմա էլ աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով եմ աշխատում, բայց միշտ սիրել եմ խոհանոցում աշխատելը, հատկապես՝ խմորեղեն պատրաստելը: Գործընկերներս, ընկերներս ու հարազատներս ինձ միշտ խորհուրդ էին տալիս հրուշակագործությամբ զբաղվել՝ որպես բիզնես: Գրեթե մեկ տարի առաջ սկսեցի զբաղվել դրանով ու ստեղծվեց «Դոլչե» ապրանքանիշը: Ասեմ՝ աշխատանքը վատ չէր ընթանում, քանի դեռ վրա չէր հասել քովիդը, կրկնակի ճգնաժամը»:
«Ի գործ» ծրագրի շրջանակներում Սալոմեն մասնակցել է հրուշակագործության վարպետության երկօրյա դասընթացի, ձեռք է բերել Royal Icing-ի պատրաստման հմտություններ: Ասում է, որ այն Ալավերդի քաղաքում նորույթ է, ինչն էլ հենց գրավել է իրեն:
Հուշակագործության դասընթացավար, «Տարտիստ» ապրանքանիշի հիմնադիր Հադիլ Լայուսը, նկատելով Սալոմեի և ծրագրի մեկ այլ մասնակցի՝ տորթերի ձևավորման հմտությունները, օրեր անց նրանց հյուրընկալել է Երևան քաղաքում գտնվող իր արտադրամասում, կիսվել սեփական փորձով:
«Տորթերի ձևավորումը շատ հետաքրքիր էր, հագեցած օրեր ունեցանք: Հադիլը անխնա ձևով փոխանցեց իր փորձն ու «օմբրե» տեխնիկայով տորթերի պատրաստման հմտությունները: Ես չէի պատկերացնում, որ այդպիսի մանրակրկիտ աշխատանք է տարվելու: Հրաշալի արդյունք ստացանք»:
Սալոմեն ասում է՝ նախկինում «օմբրե» տեխնիկայով թխվածքներ չի պատրաստել: Սա իր համար ամբողջովին նոր մշակույթ է:

«Այս տեսակ տորթեր պատրաստելը բավականին ժամանակատար է ու ձեռքի մանրակրկիտ աշխատանք է պահանջում, այդ իսկ պատճառով շուկայական արժեքը համեմատաբար բարձր է, բայց որպես նորույթ Ալավերդի քաղաքում, կարծում եմ՝ կգրավի մարդկանց»:


Ուրախությամբ նշում է՝ «Ի գործ» ծրագրի շնորհիվ ապրանքանիշն արդեն նոր տարբերանշան ու անվանում ունի: Այն «Դոլչեից» վերանվանվել է «Դյութե»:

Բացի այս ձեռք է բերել նաև տորթերի պատրաստման ու ձևավորման պարագաներ` պտտվող ափսե, դանակներ, ներկեր...ու մտադիր է ապագայում անպայման կիրառել ստացած գործիքներն ու գիտելիքները:


~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում: Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website