«Ի գործ»

           Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:


«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:

~

Ջուլիետա Նակաշյան


Բիզնես գործունեություն՝ կար ու ձև. սփռոցների, անձեռոցիկների, շոկոլդե ծաղկեփնջերի պատրաստում, պատվերների ընդունում

Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի

Հղում՝ «Mar&JI»

էլ.հասցե՝ julietanakashyan3435@gmail.com

Հեռ.՝ 091 282533, '093048417

Նախասիրությունից՝ բիզնես

            «Յոթ տարեկանից մայրս ինձ կար ու ձև, ասեղնագործություն, շյուղագործություն ու ձեռքի տարբեր աշխատանքներ անել էր սովորեցնում: Հասուն տարիքում դա արդեն հոբբի էր: Որպես զբաղմունք ասեղնագործում էի սպիտակեղենի, սփռոցների վրա: Վերջին 2 տարում ֆինանսական խնդիրներ առաջացան, և հենց այդ ժամանակ էլ սկսեցի կար ու ձևի պատվերներ ընդունել:
Նաև շոկոլադե ծաղկեփնջեր էի պատրաստում և մատչելի գներով պատվերներ ընդունելու միտք հղացավ, քանի որ Ալավերդի քաղաքում նման ծառայություն չկար: Այդպես պատվիրատուների շրջանակը մեծացավ»,-բիզնեսով զբաղվելու շարժառիթի մասին պատմում է Ջուլիետան:
«Մոտ երկու տարի է՝ զբաղվում եմ սփռոցների, անկողնային պարագաների, սրբիչների, վարագույրների և այլ իրերի կարի պատվերների ընդունմամբ, բայց չէի մտածել ֆեյսբուքյան հարթակում բիզնես էջ բացելու մասին, մյուս կողմից՝ ձևը չգիտեի: «Ի գործ» ծրագրի շրջանակում լուծվեցին այդ հարցերը»:
Ջուլիետան՝ հասարակական կազմակերպության հիմնադիր

Ջուլիետայի հիմնադրած «Բարության մոլորակ» հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2020 թվականի մայիսին: Կազմակերպությունը աջակցություն է ցուցաբերում հատուկ կարիք ունեցող երեխաներին, որոնց հետ անվճար հիմունքներով աշխատում են լոգոպետը, հոգեբանը, արտթերապիստը, ֆիզեոթերապիստները:


«Ինչու՞ ծնողական ՀԿ, որովհետև մեր գործունեության շրջանակներում աջակցություն ենք ցույց տալիս նաև ծնողներին: Եթե լինում են աշխատանքներ կամ դասընթացներ՝ ներգրավվում ենք նրանց, որպեսզի օգնենք բարձրացնել իրենց կյանքի որակը: Եթե տանը հաշմանդամություն ունեցող երեխա կա՝ հավանական է, որ մայրը չի կարողանա դրսում աշխատել, հետևաբար մասնագիտացնում ենք մայրիկներին՝ սովորեցնելով վարսավիրություն, մատնահարդարում, կար ու ձև, որպեսզի իրենք կարողանան տանից աշխատելով գումար վաստակել՝ համատեղելով աշխատանքն ու երեխայի խնամքը»:

Հյուրատան ստեղծման գաղափար, որը կարող է իր տեսակով տարածաշրջանում միակը լինել

«Ծրագրին մասնակցելու ընթացքում մտահաղացումներս ևս մեկով ավելացան և մեծ ցանկություն առաջացավ Ալավերդի քաղաքում հյուրատուն հիմնելու, որն իր բնույթով տարածաշրջանում միակը կլինի: Կցանկանայի այն ստեղծել հատուկ կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար՝ բոլոր հարմարություններով»:
«Բազմիցս լսել եմ, որ Լոռու մարզում, Ալավերդի քաղաքում գալիս են էքսկուրսիաներ, բայց տեղանքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող երեխաներին, որովհետև չկան հարմարեցումներ: Կամ հյուրատներում, որքանով տեղյակ եմ, վերելակներ չեն գործում, որպեսզի սայլակով երեխան կարողանա տեղաշարժվել: Ես ինքս հաշմանդամություն ունեցող երկու երեխա ունեմ և շատ եմ հայտնվել նմանատիպ իրավիճակներում: Մտածեցինք և եկանք որոշման, որ հյուրատունը ստեղծենք հասարակական կազմակերպությանը կից և հյուրատան ձեռք բերած ֆինանսական միջոցները տրամադրենք ՀԿ-ին:
Նպատակ ունենք հյուրատան հարևանությամբ ստեղծել նաև առանձին խոհանոց, որտեղ աշխատելու նպատակով կրկին կընդգրկվեն մայրիկները: Ավելի ուշ նախատեսում ենք ջերմոցներ կառուցել, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաների հայրերը հողագործությամբ զբաղվեն ու հնարավորություն ունենանք երեխաների սնունդը էկոլոգիապես մաքուր մթերքներով պատրաստել»:
Ջուլիետան ասում է՝ բարձրագույն կրթություն չունի, ուստի կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները լրացնում են այդ բացը: Մասնավորապես «Ի գործ» ծրագիրն իրեն տվել է սոցիալական կայքերում աշխատելու, բիզնես ծրագրեր կազմելու, դոնոր կազմակերպություններին ներկայանալու հմտություններ, ինչն իրեն այսօր առավել անհրաժեշտ է՝ գաղափարները ճիշտ ներկայացնելու և կյանքի կոչելու համար:
~
«Ի գործ» ծրագիրն իրականացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ: Այն ուղղված է Ալավերդի և Օձուն համայնքներում ապրող շուրջ երեսուն ինքնազբաղ կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, բիզնես նախաձեռնությունների աջակցմանը, կրկնակի ճգնաժամի առաջ բերած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարմանն ու տնտեսական կայունության ապահովմանը:

*Սույն մուլտիմեդիա պատմությունը ստեղծվել է վերոնշյալ ծրագրի շրջանակում:Նյութում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website