Հայաստանի տարբեր անկյուններում բնակվում են կանայք, ովքեր բիզնես գաղափարներ ու յուրօրինակ մտահղացումներ ունեն, բայց դրանց իրագործման համար հաճախ կարիք են զգում որևէ խթանի կամ հնարավորության:
«Ի գործ» ծրագրի շրջանակում այդպիսի տասնյակ կանանց հնարավորություն է ընձեռվել առանց վարանելու կյանքի կոչել սեփական բիզնես գաղափարը, կամ նորովի զարգացնել արդեն իսկ գործող բիզնեսը:
Բիզնես գործունեություն՝ արագ սննդի առաքում
Վայր՝ Լոռու մարզ, ք.Ալավերդի
Հղում՝ «HOME FOOD»
էլ.հասցե՝ maratnorl@gmail.com
Հեռ.՝ 094 837314
Մարքեթոլոգ Տաթև Ղոնյանն ու նրա խոհարար ամուսինը՝ Լևոն Մկրտչյանը, 2020 թվականին Ալավերդի քաղաքում հիմնել են «Home Food» ապրանքանիշը, որը տեղի բնակչությանն առաջարկում է արագ ու համեղ սնունդ՝ առաքման միջոցով: Կերակրատեսակները պատրաստում են տանը՝ էկոլոգիապես մաքուր, թարմ սննդամթերքներով:
Ըստ ապրանքանիշի համահիմնադրի՝ այսպիսի բիզնես նախաձեռնելու գաղափարը ծնվել է քաղաքում համեղ ու արագ սնվելու հնարավորությունների և ծառայությունների բացակայությունից:
«Home Food»-ն առաջարկում է`
__________________________________________________
Տաթևի խոսքով՝ ճաշացանկում ընտրել են նաև օտարերկրյա խոհանոցին բնորոշ ուտեստներ՝ հաշվի առնելով, որ Ալավերդու ռեստորաններում առաջարկում են առավելապես հայկական ուտեստներ և մարդիկ, սովորաբար, չեն ունենում այլընտրանք:
«Բիզնեսի կայացման սկզբնական շրջանում հիմնական դժվարությունը ճանաչելիություն ձեռք բերելն էր: Պետք էր հնարավորինս շատ հանրայնացնել մեր գործունեությունը, որպեսզի մարդիկ իմանային մեր մասին: Փոքր քաղաքում մեկը մյուսին ասելով իմանում են, սակայն մեզ ավելի շատ օգնեց ֆեյսբուքյան տիրույթն ու օնլայն գովազդը, որովհետև մարդիկ այսօր ավելի շատ օնլայն տիրույթով են հետաքրքրված:
Երբ մի քանի հաճախորդ ունեցանք ու ապահովեցինք ծառայության որակը՝ նրանք դարձան մեր մշտական հաճախորդները: Գործը, գուցե, դանդաղ, բայց սկսեց առաջ գնալ»,- պատմում է Տաթևը:
Տաթևն անկեղծանում է՝ «Ի գործ» ծրագրի ընթացքում նորովի ուսումնասիրեց մարքեթինգն ու այն նոր գաղափարներ տվեց, թե ինչպես պետք է զարգացնել բիզնես գործունեությունն ու պահպանել ծառայության հանդեպ մարդկանց հետաքրքրությունը: «Այս ընթացքում սկսեցի ֆեյսբուքյան գովազդն ավելի լավ կազմակերպել և նկատում եմ, որ մարդիկ ոչ միայն սնվելու համար են սկսում ուշադրություն դարձնել մեր գործունեությանը, այլև նոր հետաքրքրություններ գտնելու»: