«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Տավուշի մարզում զբոսաշրջության մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը՝ ուղղված Բերդ եւ Նոյեմբերյան խոշորացված համայնքներում զբոսաշրջության զարգացմանը:



Ծրագրի նպատակն այդ համայնքներում զբոսաշրջային ծառայությունների ակտիվացման խթանումն է՝ ինչպես համայնքների զբոսաշրջային արտադրանքի քարտեզագրման ու տեսանելիության բարձրացման նորարարական գործիքակազմի, հմտությունների փոխանցման, այնպես էլ՝ զբոսաշրջային արդյունք ստեղծողների և շահագրգիռ կազմակերպությունների միջեւ համագործակցային ցանցի ստեղծման և ամրապնդման միջոցով:



«Բերդավան» հյուրատուն

Berdavan Guesthouse

____________________________________________________________



Այս հրապարակմամբ ՀԻՄԿ-ը կպատմի Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում գտնվող «Բերդավան» հյուրատան մասին:




Հիմնադիր՝ Էրիկ Հախվերդյան

Գործունեության շրջանակ՝ հյուրատնային բիզնես

Առանձնահատկություն՝ գաստրոտուրիզմ

Տեղադրություն՝ Տավուշի մարզ, գյուղ Բերդավան, 10-րդ փողոց

Հղում՝ https://www.facebook.com/berdavanguesthouse

էլ.հասցե՝ hakhverdyaneric@gmail.com

Հեռ.՝ +374 77881011

      Սեպտեբերի 15-ից Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում սկսել է գործել «Բերդավան» հյուրատունը: Հիմնադիր Էրիկ Հախվերդյանը սովորաբար արտագնա աշխատանքի էր մեկնում, բայց կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով մնաց հայրենի գյուղում և կյանքի կոչեց հյուրատուն հիմնելու իր երազանքը:

Նորաստեղծ հյուրատունն այժմ ունի 3 սենյակ. միաժամանակ կարող է ընդունել 10 հոգու։

Ըստ հիմնադրի՝ առայժմ միայն գիշերակացի ու նախաճաշի ծառայություն է մատուցվում, բայց շատ պլաններ կան՝ սկսած այցելուի ձեռքերով պատրաստվող նախաճաշի հնարավորությունից մինչև գորգագործության վարպետության դասերի անցկացում: Մի շարք գաղափարներ նախագծման փուլում են: Երբ ամբողջությամբ ավարտվեն հյուրատան կառուցապատման աշխատանքները՝ զբոսաշրջիկները կկարողանան օգտվել տարաբնույթ ծառայություններից:

Ի՞նչ է առաջարկվում այցելուին/զբոսաշրջիկին

____________________________________________________

  • Լիակատար հանգիստ՝ յուրօրինակ պարտեզով

    Հյուրատունն առաջարկում է հեքիաթային հանգիստ` մոռացնել տալով քաղաքային թոհուբոհն ու անցանկալի աղմուկը:.

  • Գիշերակաց՝ գյուղական կոլորիտով կահավորված սենյակներում
    Արժեքը մեկ անձի համար՝ սկսած 4000 դրամից:
    3 անձի համար՝ 8000 դրամ:
  • Նախաճաշ
    Հյուրատան այգում աճում է ծնեբեկ, շուշան, որը հենց հյուրը կարող է հավաքել՝ նախաճաշ պատրաստելու համար: Նախաճաշը հնարավոր է նաև պատվիրել՝ վճարելով ընդամենը 1000 դրամ:
  • էկոլոգիապես մաքուր սնունդ

Հյուրատան առանձնահատկությունները

____________________________________________________

  • էկզոտիկ պտուղներ
    Տնամերձ այգում առկա են ինչպես աշխարհագրական վայրին բնորոշ մրգատու ծառեր ու հատապտուղների թփեր, այպես էլ էկզոտիկ պտուղներ (ձիթապտուղ, կիվի, բանան, ֆեյխոա, մանգո, ավոկադո և այլն):
  • Ավանդական փռում հացաթխում
    Հյուրատունն իր այցելուներին հնարավորություն կտա հատուկ օրերին կամ նախապես պատվիրելու միջոցով մասնակցել հացաթխմանը՝ ավանդական փռում:
  • Գորգագործության վարպետության դաս
  • Ավանդական «նազուկ»-ի համտես
  • Գինու և օղու պատրաստում` այցելուների մասնակցությամբ

«Պլանները շատ են, բայց դրանք ամբողջությամբ իրականացնելը հեշտ չէ: Դեռ շատ ներդրումների կարիք կա: Հետագայում եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մեր հյուրատանը լինելու են պատմական Լոռվա մարզի մոռացված ուտեստները:

Առանձնանալու է գաստրոտուրիզմով»-պատմում է հյուրատան հիմնադիր Էրիկ Հախվերդյանը:

Ըստ նրա՝ նախատեսվում է նաև սեզոնային տուրեր կազմակերպել պատմամշակութային հուշարձաններ՝ Բերդավանի «Ղալինջաքար» ամրոց ու Մշկավանք:

«Ղալինջաքար» ամրոց
XII-XIII դարերում կառուցված ամրոցը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Ամրոցի արտաքին պատերն ամրացված են գլանաձև 11 աշտարակներով: Այն նախկինում ունեցել է գաղտնի մուտք, որը տանում էր կիրճ։ Կա հին խաչքարերի մեծ հավաքածու:

Ամրոցի հետ կապված հետաքրքիր պատություններ լսելու համար, խորհուրդ ենք տալիս այնտեղ այցելել տեղացի պատմաբան Սամվել Խոջոյանի կամ տեղաբնակ-ուղեկցող Գոհար Ասլիկյանի ընկերակցությամբ:
Մշկավանք
Միջնադարյան հայկական ճարտարապետության «Մշկավանք» (Մշակավանք) համալիրը գտնվում է ճարտարապետական և հնագիտական հուշարձաններով հարուստ Կողբ գյուղում՝ անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա:
Վանքի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն ըստ XIII դ. պատմագիր Վարդան Արևելցու հիշատակության, մինչև 1219թ-ի երկրաշարժը այն կանգուն կառույց էր: Ներկայումս հանդիսանում է չգործող վանական համալիր, որից պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու խցերը և հին գերեզմանատունը: Մշկավանքը ներառված է Հայաստանի պետական պահպանության հուշարձանների ցանկում:
Զբոսաշրջիկները, մինչև նշված վայրեր կամ հյուրատուն ուղևորվելը, կարող են այցելել նաև Բերդավանի գինու գործարան՝ մասնակցելու գինու համտեսի:
*Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ» կողմից իրականացվող «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի ներքո:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website